Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Չեն լինում անլեզու կամ անմիտ պետություններ

Չեն լինում անլեզու կամ անմիտ պետություններ
23.07.2024 | 11:05

Հայաստանը հիմա լուռ է և իրեն առաջադրվող պահանջներին ու ճնշումներին՝ բացարձակ անպատրաստ։

Բոլորը մեր մասով կամ մեր մասին խոսում են, իրենց շահերը պարտադրում։ Մենք լուռ ենք։ Չեղած տեղից, զրոյից մեր մասին նոր այլանդակ օրակարգ է ձևավորվում՝ միջին միջանցք, հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, Սահմանադրության փոփոխություն և այլն, մենք չենք կարողանում կամ չենք ուզում չեզոքացնել այդ օրակարգը։

Ի՞նչ փախստականների մասին է խոսքը, երբ 120 հազար արցախցիների տները դեռ տաք են, դպրոցների գրատախտակներին դեռ հայերեն կա գրված։ Բայց դա պետք է կարողանաս ձևակերպել աշխարհի համար որպես օրակարգ։

Ի՞նչ միջանցք, ի՞նչ նոր Սահմանադրություն։ Բայց այդ պահանջներին եթե գրագետ չես պատասխանում, դրանք դառնում են օրակարգ, ընդ որում՝ միջազգային հանրության համար ընկալելի։ Սրա ռիսկը հայ ժողովրդին ոչ ոք չի բացատրում։ Մեզ ծաղրում են՝ լռում ենք, մեր գերիներին դատում են ու պահում Բաքվում՝ լռում ենք, մեր տարածքում միջանցքներ են մոգոնում՝ լռում ենք ... և մյուս բոլոր կարևոր դեպքերում։

Հայաստանի ներկա քաղաքական-հանրային վերնախավը մի մեծ, հավաքական Բայդեն է, որը պետք է հեռանա։ Իրական ռիսկերը չի հասկանում և չի արձագանքում։ Ներքին կյանքով չի ապրում։

Հայաստանի ներքին կառավարելիությունը սրընթաց կորում է։ Դարձել ենք արտակարգ իրավիճակների պետություն, որտեղ սահմռկեցուցիչ վթարները, սպանությունները, ռազբորկաները, քանդված փողոցները, կոմունալ ծառայությունների անվերջանալի վթարները, չգործող պետական ծառայությունները դարձել են սովորական երևույթ։

Պետական վերնախավը ցուցադրական արձակուրդի մեջ է։ Իսկ մենք որտե՞ղ ենք։ Եվս մի փուլ՝ հորինված քաղաքական դաշտի ու լիդերների, ու Հայաստանը գրելու է նոր խոշորագույն աղետի պատմությունը։

Էլ ո՞նց ասենք, ո՞նց բացատրենք մի 2-3 տասնյակ հոգով, որ գնում ենք աննկարագրելի աղետի՝ հեծանվորդի գլխավորությամբ, հանրային անտարբերությամբ ու էլիտաների պարզունակ մերկանտիլիզմի պատճառով։

Շատ պարզ պետք է ժողովրդին ասել, որ հեծանվորդի այս ընթացքը տանում է նոր աղետի։ Նա Արևմուտքից խնդրում է (կամ տալիս են) շա´տ ավելի վատ լուծումներ, քան հնարավոր էր ստանալ ռուսական միջնորդությամբ։ Ու նույնքան պարզ պետք է ասել, որ ընդդիմադիր շատ լիդերներ ձայն չեն հանելու, որովհետև արևմուտքում ունեն գույք, բիզնեսներ, կապիտալ, գրին քարտեր։ Գոնե հանուն մեր երեխաների մի օր պետք է սկսենք բաց խոսել։

Նույնքան պարզ պետք է ասել, որ ռեսուրսների տիրապետող շատերը ձայն չեն հանում մեռնող հայրենիքի մասին՝ «քանի մեզ Մոսկվայից բան չեն ասել, չենք կարող» ձևակերպմամբ։

Դրա համար էլ աղետի քշվող Հայաստանը լուռ է. մեկին Մոսկվայից են արգելում խոսել, մյուսին՝ Վաշինգտոնից, երրորդին՝ Անկարայից ու Բաքվից, չորրորդին արգելում է իր դիզած կապիտալը և այսպես շարունակ։ Այդպես մի տարի առաջ հայաթափվեց Արցախը։ Այսօր այս վիճակը տանում է Հայաստանի հայաթափման։

Այսօր պաշտոնական իշխանության և պաշտոնական ընդդիմության փոխարեն Հայաստանի կողմից աշխարհին և Ալիևին պատասխանում է Բագրատ Սրբազանը։ Արձագանքում են 1-2 քաղաքական միավոր և 1-2 տասնյակ հանրային գործիչներ՝ ստեղծելով դիմադրող օջախը։ Բայց դա ակնհայտ քիչ է։

Ունենք ռեսուրս՝ գրագետ գործիչների լավ անվանացանկ։ «Բոլոր ունակների իշխանությունը» կարևոր գաղափար է, բայց այն պետք է ստանա շարունակություն՝ ձևաչափի (ձևաչափերի) և բովանդակության տեսքով։ Մեր երկրում կա մարդկանց անվանացանկ, ովքեր կարող են ստեղծել հակաճգնաժամային կառավարման համակարգ։ Պետք է պրոցեսը տանել այդ ուղղությամբ։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6112

Մեկնաբանություններ